«Նայելով բաշխվածքին՝ կտրուկ աճը մահերի հիմնականում սկսվում է 70-75 տարեկանից։ Եթե մահերի միջին տարիքը հաշվենք՝ 79,4 տարեկան է։ 3000 մահացած մարդկանց միջին տարիքը 79,4 տարեկանն է։ Մեծ մասը տղամարդիկ են՝ 72 տոկոսը։ Հիմնական պատճառը տղամարդկանց կենսաձևն է և կողքից եղած հիվանդությունների մեծ թիվը՝ թոքերի հիվանդությունները, սրտի հիվանդությունները, շաքարային դիաբետը, ինսուլտը, ինֆարկտը․․ այդ բոլորը բարդացնում են վիճակը».
Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ պաշտոնական մարմինների տվյալների վերլուծությունները ցույց է տալիս, որ մահերը, մեծամասամբ, իսկապես արձանագրվել են 70 և ավելի տարեկան անձանց շարքում։ Համեմատության համար նշենք, որ եթե 60-69 տարեկան անձանց վարակման դեպքերի՝ մահվան ելքով ավարտի հավանականությունը 3,6 տոկոս է, ապա 70-79 տարեկանների դեպքում այն դառնում է 8 տոկոս, իսկ 80 և ավելի տարիք ունեցողների դեպքում՝ մոտ 15 տոկոս։

Ինչպես հայտնում են առողջապահական կազմակերպությունները, կորոնավիրուսը հատկապես վտանգավոր է թոքերի, իմունային համակարգի խնդիրներ, քրոնիկ հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար։ Այս հիվանդությունների առկայությունը կորոնավիրուսով վարակվելու դեպքում մեծացնում է մահվան հավանականությունը։ Այսպես՝ եթե առանց նախնական պայմանների՝ վերոնշյալ հիվանդությունների, կորոնավիրուսից մահվան հավանականությունը կազմում է մոտ 1 տոկոս, ապա շաքարային դիաբետի դեպքում այն մոտավորապես 7 տոկոս է, քրոնիկ հիվանդությունների պարագայում՝ 6․3 տոկոս։
Оставьте комментарий