Չարենցը ծնվել է 1897 թվականին, Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի /Թելլի/ Միրզայանը, Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսի տունը այժմ կիսավեր վիճակում է: Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908—1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։ 1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում լույս է տեսել նրա «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող առաջին բանաստեղծությունը: 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան». նա արդեն հանդես էր գալիս «Չարենց» գրական ազգանվամբ։ 1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Վան:«Եղիշե Չարենց», նկարիչ՝ Վրույր Գալստյան, 1964
1915 թվականին Հայկական կամավորական 6-րդ ջոկատը, թուրքերի դեմ կռվող ռուսական բանակին միանալու համար, անցնում էր Վանա լճից հյուսիս-արևելք գտնվող Թափարիզ լեռան վրայով։ Լեռան կատարին՝ ձյուների մեջ, սառած-ընկած էին ծերերի, կանանց, երեխաների դիակներ… Տարերայնորեն գումարված միտինգում ելույթ ունեցավ նաև վտիտ մարմնով կարսեցի մի կամավորական։ Զինվորական համազգեստը մեծ էր նրա վրա, բայց խոշոր, սև աչքերում այնպիսի կրակներ էին վառվում, որ ոչ ոք չէր նկատում հագուստի անհամապատասխանությունը։ Այդ զինվոր-հռետորը ապագա մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցն էր (Սողոմոնյան)։ Տեսածի, ապրածի ու զգացածի յուրահատուկ արտահայտությունը հետագայում դարձավ բանաստեղծի «Դանթեական առասպել» պոեմը, որը 1914-1918 թվականների համաշխարհային պատերազմի առաջին և ամենացնցող արձագանքն է հայ գրականության մեջ: Այս պոեմը առաջին գրավոր հիշատակություններից է Հայոց եղեռնի մասին[8]:
Գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբ։ Հայրենիքին պիտանի լինելու մղումով 1919 թվականի աշնանը նա ուսուցչություն է անում Կարսի մարզի Բաշքյադիկլար գյուղի դպրոցում։
Չարենցի անունը նրան արժանի բարձր գնահատականով ներկայացնելու պատիվը վիճակված էր խոշորագույն քննադատ, Հանրային կրթության և արվեստների նախարար Նիկոլ Աղբալյանին, որն էլ հայ գրական ընկերության անդրանիկ նիստերից մեկը 1919 թվականի հոկտեմբերի 18-ին նվիրեց Չարենցի ստեղծագործությանը։ Բանաստեղծը թեև ներկա չէր երեկոյին, բայց տեղեկացավ գրական այդ իրադարձության մասին։ 1920 թվականի հունվար-մայիս ամիսներին Աղբալյանին ներկայացած բանաստեղծն աշխատանքի է նշանակվել Աղբալյանի ղեկավարած նախարարությունում, որպես հատուկ հանձնարարությունների կոմիսար։ 1920—1921 թվականներին Չարենցին վերստին տեսնում ենք ուսուցչի պաշտոնում։ Այս բարդ ու հարափոփոխ ժամանակների ծնունդն են նրա «Նաիրի երկրից», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» ռադիոպոեմները՝ գրված 1920 թվականին։
1920 թվականի նոյեմբերին՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո, Լուսավորության ժողովրդական կոմիսարիատում նա ստանձնում է արվեստի բաժնի վարիչի պաշտոն և աշխատում մինչև 1921 թվականի մայիսը։ 1920-ական թվականների առաջին տարիները ևս բուռն շրջան են նրա թե՛ գրական, թե՛ անձնական կյանքում։ Մեկը մյուսի հետևից գրում է «Էմալե պրոֆիլը Ձեր», «Փողոցային պչրուհուն» շարքերը, «Ամենապոեմ», «Չարենցնամե» պոեմները, շարադրում «Երկիր Նաիրի» վեպը։ 1921 թվականի մայիսին ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ, ում հանդեպ տածում էր անսահման սեր ու գորով և ում հետագայում պիտի կոչեր «հերոսական կին և բարեկամ»։ Արփենիկի հետ էլ նա մեկնում է Մոսկվա՝ Արևելքի աշխատավորների համալսարանում լրացնելու կրթության պակասը։ Սակայն նրա անհանգիստ ոգին չէր կարող տեղավորվել ուսանողական նստարանին։ Կյանքը հոսում էր, գրական գործը՝ եռում։ 1922 թվականին Մոսկվայում նա լույս է ընծայում իր երկերի երկհատոր մեծադիր ժողովածուն, որ ինքնին երևույթ էր այդ տարիների հայ կյանքում։ 1922 թվականի «Երեքի» դեկլարացիայից հետո նա փաստորեն դառնում է նորագույն շրջանի հայ գրականության առաջնորդը։
Աշխարհաճանաչողությունն ընդարձակելու նպատակով, շնորհիվ գրականագետ Հարություն Սուրխաթյանի, 1924 թվականի նոյեմբերի 20-ին Բաթումից Չարենցը մեկնում է արտասահմանյան շրջագայության։ Լինում է Տրապիզոնում, Կ.Պոլսում, Աթենքում, Հռոմում, Վենետիկում, Փարիզում, Բեռլինում։ 1925 թվականի հուլիսի 31-ին վերադառնալով Երևան՝ նա ստանձնում է նոր կազմավորված «Հոկտեմբեր» գրական միության ղեկավարությունը՝ այն վերանվանելով «Նոյեմբեր»։ Բռնկուն և ազատ տարերքի ստեղծագործող էր Չարենցը։ Այդ տարերքը երկնում էր հանճարեղ գործեր։ Հոգեկան այդ լարված կացության մեջ սիրային մի արկած Չարենցի համար ունենում է տխուր վերջաբան։ 1926 թվականի սեպտեմբերի 5-ին նա ձերբակալվում և հայտնվում է Երևանի ուղղիչ տանը։ Աբովյան փողոցում հոգեկան անհավասարակշիռ կացության մեջ Չարենցը ատրճանակով կրակում և վիրավորում է Մարիաննա Այվազյան անունով մի գեղեցկուհու, որի հանդեպ նախապես ունեցել էր բուռն զգացմունքներ։ Բարեբախտաբար, Չարենցը վրիպում է և սոսկ թեթև քերծվածք պատճառում այդ աղջկան, որը կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի քույրն էր։ Այդ արկածից որպես հիշատակ մնում է «Երևանի ուղղիչ տնից» հուշ-ակնարկը։ 1927 թվականին մահանում է Չարենցի կինը։ Արփիկի մահը Չարենցը ահավոր ծանր է տարել։ Մահվան հաջորդ օրն իսկ այրել է հանգուցյալ կնոջ բոլոր զգեստները, որոնք ինքը սիրով ու գուրգուրանքով բերել էր արտասահմանից։ Այրել է, որպեսզի ուրիշի ձեռքը չընկնեն, և դրանով իսկ չնսեմանա սիրելիի հիշատակը։ Իսկ որպես թանկարժեք մասունք՝ իր խնդրանքով քանդակագործ Արա Սարգսյանը հանել է Արփիկի գիպսե դիմակը և ձեռքի կրկնօրինակը։ Դրանք պահվում են բանաստեղծի տուն-թանգարանում։ Այդ օրերին էլ Չարենցը նախաբազկին է դաջել Արփիկի մահվան տարեթիվն ու նրա անունը։ Արփիկի մահից հետո՝ մինչև հարազատների մոտ՝ Մայկոպ մեկնելը, Չարենցը մեկուսացել է շրջապատից, օրեր շարունակ փակվել իր սենյակում և գրել «De profundis» վերնագրով պոեմ, որ հոգեհանգստի աղոթքի տրամադրություններ է ունենում
Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի.
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի[1] ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…
Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…
Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…
Ծիածանը» հոգեվիճակներ եւ ապրումներ ներկայացնող գույների համադրություն է:
Խորհրդապաշտական բանարվեստի միջոցներով բանաստեղծը երանգավորում է իր երազները եւ «Կապույտը», «Ոսկին», «Մանուշակագույն» բաժանումով ստեղծում երազների գունային մի աշխարհ: Այդ աշխարհի հերոսուհին դարձյալ տխրադալուկ աղջիկն է, որն այստեղ կերպավորվում է լուսամփոփի նմանվող աղջկա նկարագրով: Այդ աղջիկն ունի աստվածամոր աչքեր, թափանցիկ է ու կապույտ:
Կապույտն աղոթք է՝ ուղղված սիրո պատրանքին: Կապույտը սիրո սկիզբն է, երբլուսամփոփի պես աղջիկը՝ «որպես ուրու», քնած է «հոգու դղյակներում», կապույտի մեջ լուսավոր քրոջ անմարմին համբույրն է ու հարազատ էությունը: Կապույտը նաեւ սիրո փակ աշխարհն է, խորհրդավոր գիշերը, աստղային նիրհը, որին հաջորդում է արեւի ոսկին՝ առավոտը: Ոսկին իրական աշխարհի լույսն է, որը, սակայն, «խոցում է ասեղի նման»: Սիրո փոխադարձ կապը գտնելու ընթացքում մարում է արեւի ոսկին, եւ իջնում է «Մի տըրտում մշուշ մանուշակագույն»: Մանուշակագույնը «երազում ապրած» գիշերվա վերհուշ է ու նաեւ՝ այրած երազների մոխիր:
2)
Կապույտը խորհրդանշում էր սեր ամեն ինչի նկատմամբ, կյանքի նկատմամբ: Ոսկեգույնը խորհրդանշում էր նոր կյանք: Մանուշակագույնը խորհրդանշում էր տխրություն: Առհասարակ կապույտը խորհրդանշում է կամ երկինք կամ մաքրություն կամ էլ պարզություն: Ոսկեգույնը առհասարակ խորհրդանշում է ոսկի, արև, իսկ արևը՝ նոր կյանք: Մանուշակագույնն էլ առհասարակ խորհրդանշում է իմաստություն:
Ջինջ ճախրում են ղողանջները հորիզոնից — հորիզոն
— Ինչ տրտո՛ւմ է, կապույտ աղջիկ, հրաժեշտի երեկոն…
Տրտմություն ու լույս է իջել քո աչքերում, իմ հոգում.
Օրհնե՜նք, օրհնե՜նք այս երկրային հրաժեշտի երեկոն…
Եվ թող հալվե՜ն, ձուլվե՜ն, մարվե՜ն իրիկնային կապույտում
Մեր կույս հոգու իրիկնային սպասումները տրտում:
Եվ զանգերը անրջորեն, հորիզոնից — հորիզոն,
Օրհներգելով թող օրորեն հրաժեշտի երեկոն…
Այս բանաստեղծության հերոսը կապույտ աղջիկն է՝ Չարենցի սիրելին: Բանաստեղծության մեջ, հերոսը՝ Չարենցի սիրելին, շատ տխուր է: Չարենցի հոգին էլ է տխուր:
Ընտրի՛ր «Ծիածան» ժողովածուից մեկ բանաստեղծություն, սովորի՛ր անգիր:
ԿԱՊՈւՅՏԸ
1

Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,
Կապույտը — թախիծ.
Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ:
Կապույտը քրոջ աչքերի անհուն
Առավոտն է թաց:
Կապույտում հոգիս մի հին իրիկուն .
Անզո՛ր հեծկլտաց:
Կապույտը ծեգին աղոթքի կանչող
Ղողանջն է զանգի:
Կապույտը — արցունք, ու կապույտը — ցող
Հոգու, երկնքի:
Կապույտում անսուտ խոսքեր են հոսում
Երկնքից — երկինք:
Հոգիս — Կապույտի լաբիրինթոսում
Սրբացած կնիք:
Այն, որ չի եղել, որ պե՜տք է լինի
Մանկական սրտում —
Հոսում է, որպես լուսավոր գինի —
Հոգու կապույտում:

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը Էլի յարին կմնա:
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն Էլի՜ սարին կմնա:
Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՜ս չեմ ասե — նա՜ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:
Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը —
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
Էշխը կրակ կըլի` արին կմնա:
Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
Գերեզմանիս մարմար քարին կմնա:
Оставьте комментарий